Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ընտրական հանձնաժողովների նախագահների համար իրավիճակ չի փոխվում

Ընտրական հանձնաժողովների նախագահների համար իրավիճակ չի փոխվում
11.12.2018 | 00:19

Չգիտեմ՝ քանի տարի պետք է անցնի, որ ընտրական հանձնաժողովներում իրավիճակ փոխվի, և ընտրությունների պատասխանատվությունը ստանձնած անձինք հասկանան՝ ոչ թե կերուխումի, այլ ընտրական լրջագույն գործընթացի են մասնակցում: Գուցե ժամանակն էլ չօգնի, քանի որ հներին փոխարինելու եկած նորերն էլ վարքուբարքով առանձնապես չեն տարբերվում հներից: Հետևելով ընտրատեղամասերում տիրող մթնոլորտին ու հատկապես ձայների հաշվարկին՝ այնպիսի տպավորություն ստացա, թե կաթսաներում խաշլաման եռում է, իսկ հանձնաժողովի նախագահները մտավախություն ունեն, թե կզրկվեն առաջին յուղոտ պատառը համտեսելու հաճույքից: Էքստրաարագացված կարգով, շփթփ անելով, չհետևելով օրենքի պահանջին՝ հաշվարկում էին ինչպես պատահի, միայն թե րոպե առաջ հոգիներն ազատեն երկրի համար առաջնային նշանակության գործընթացից, հերն էլ անիծած, թե վերահաշվարկի հարց կարող է առաջանալ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարծես յուրատեսակ մի քանոն հնարած լինի` տեղամասային նախագահներ ընտրելու հատուկ չափումներով: Կարևորը` ամբարտավան կեցվածք ունենա, կարողանա տեղը տեղին մուննաթ գալ, երեկոն վարելու հանդիսավարի կարողություն ունենա ու ճիշտ կողմնորոշվի՝ խաշլաման տա՞ք մատուցել, թե՞ փոքր-ինչ պաղ: Երեկ, ինչպես նկատեցի, հանձնաժողովի նախագահները տաք խաշլամայի ակնկալիք ունեին: «Դմփ-դմփ-հուի» կանոններին վարժված, «նոր» Հայաստանի «սիրո» ու «հանդուրժողականության» տեքստն անգիր արած աչքերը փակ թվարկում էին ընտրակեղծարարության հնարավոր դրսևորում-սցենարներն ու խոր հոգոց քաշելով՝ սպասում վերջին քվեաթերթիկի դուրս գալուն:


Վերջացավ, երկրում իրավիճակի փոփոխության առաջին արձանագրողներն արդեն որերորդ անգամ գրանցեցին՝ բացարձակ մեծամասնությամբ իշխող ուժը խորհրդարան կանցնի: Ծափ ու ծիծաղի մաեստրոները հենց իրենք են. նոր բարքեր են, պետք է նորերի հետ լավ լինել, դեռ քանի ընտրություններ կան առջևում:
Կաթսաների մեջ եռացող խաշլաման արդեն հանձնաժողովականներին է սպասում, տաք է, քիչ է պաղել: Մինչ առաջին կենացն ասելը մի ավանդական «դմփ-դմփ-հու»՝ ի պատիվ նորեկների բարօրության ու հետագա ընտրությունների։ Չար աչքից էլ հեռու:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3370

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ